Ճամփորդում եմ առանց Covid-19
2021 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է ծրագիր, համաձայն որի Հայաստանից
Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը
հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։
Ընդ որում՝ նմուշառումը իրականացվել է թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ։
Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն
հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR
կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։
Քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերն են՝
1. Ներբեռնել բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։
2. Անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա
(ընդգրկված լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում իսկ լաբորատորիաների՝
ծրագրին միանալու ընթացակարգը նկարագրված՝ ներքևում) և տրամադրել անհրաժեշտ
տվյալները։
3. Ստորագրել լաբորատորիայի կողմից տրամադրված համաձայնագիրը և սկանավորել
համաձայնագրում առկա QR կոդը։
4. Հանձնել Covid-19 թեստ։
5. Սպասել թեստի արդյունքին, որը անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան
համակարգ մուտքագրի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական պատասխանի
դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
6. Թեստի բասցասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հավաստիանալ, որ
հավելվածում առկա է թեստի արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի
անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։
7. Սահմանը հատելիս ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Լաբորատոր հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունը ծրագրում ընդգրվելու
համար՝
1. Գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն՝ հիմավորելով ՀՀ
կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2194-Ն որոշմամբ սահմանված
պահանջներին համապատասխանելիությունը։
2. Նախարարությունը բավարարում է կազմակերպության կողմից ներկայացված դիմումը։
3. Համակարգի օպերատորը նախարարության դիմումի հիման վրա լաբորատորիայի համար
ապահովում է հասանելիություն։
Համակարգի գործարկման իրավական հիմքերը ամրագրված են ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 28-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական
սահմանով բացթողման պարզեցված կարգ սահմանելու և «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական
էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» N 2194-Ն որոշմամբ և օպերատորի
գործառույթները վերապահված են «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին:
"Ճամփորդում եմ առանց Covid-19" հավելվածի մասին հաճախորդներին տեղեկացնելու համար թռուցիկի տեսքը